ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարները Ուկրաինային տրամադրում են տեղեկատվություն, որը ձեռք է բերվել օդադեսանտային վաղ զգուշացման և թիրախավորման համակարգով (AWACS) սարքավորված ինքնաթիռներից: Այս մասին գրում է UK Defense Journal-ը՝ հղում անելով բրիտանական ռազմաօդային ուժերի նախկին սպային։

«Պաշտոնապես, ցանկացած հետախուզական տեղեկատվություն ուղարկվում է միայն ՆԱՏՕ-ի երկրներ, բայց բոլորը գիտեն, որ այդ երկրներից մի քանիսը շտապում են այդ տեղեկատվությունը կիսել Ուկրաինայի հետ՝ թույլ տալով նրան դիմակայել մոտալուտ հարձակումներին: Արեւմտյան հետախուզության տվյալներն Ուկրաինային հնարավորություն են տալիս մի փոքր ավելի արագ արձագանքելու», - հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա։ Մասնավորապես, տարածաշրջան են ուղարկվել լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ՝ կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ, տանկերներ։

Ներկայում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հսկում են Ուկրաինայի երկնքը Լեհաստանի օդային տարածքից։ Նման ինքնաթիռների տեղակայումն արևելյան թեւում օգնում է ամրապնդել ռազմական բլոկի ներկայությունը տարածաշրջանում և վերահսկել ռուսական ռազմական ակտիվությունը, ասվում է դաշինքում։ «Մեր AWACS համակարգերն ի վիճակի են հայտնաբերել ինքնաթիռներ հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ դրանք դարձնելով հիմնական զսպող և պաշտպանական կարողություն ՆԱՏՕ-ի համար», - ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն: