Նոյեմբերի 24-ին Կրեմլում կայացել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հետ:

SalamNews-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացման լայն շրջանակը: Սերգեյ Նարիշկինը, բարձր գնահատելով երկկողմ փոխազեդեցության մակարդակը, հիշեցրել է, որ վերջերս իրենք հանդիպել են Բաքվում Բաքվի միջազգային հումանիտար ֆորումի շրջանակներում:

«Մենք հույս ունենք, որ այդ ծրագիրը համատեղ ջանքերով կշարունակվի: Ձեր այցը կապված է Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի նստաշրջանի հետ, եւ դա շատ մեծ իրադարձություն է: Ընդհանրապես, հոկտեմբերը եւ նոյեմբերը լավ իմաստով թեժ ամիսներ էին Ադրբեջանի համար. Բաքվի հումանիտար ֆորումի, Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի կոնգրեսի անցկացումը, եւ բացի այդ, Ադրբեջանը դարձավ ՄԱԿի- ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Այդ առումով մենք շատ աշխատանք ունենք անելու միջազգային ասպարեզում մեր քայլերը կոորդինացնելու համար: Դրա համար մենք պետք է աշխատենք ու աշխատենք»,-ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Մեհթիեւը առանձնակի շեշտել է, որ երկու պետությունների հարաբերությունները իրենց զարգացման գագաթնակետին են: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներում բազմիցս նշել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ չլուծված հարցեր չկան: «Բոլոր խնդիրները լուծվում են փոխադարձ ընկերության եւ փոխհամաձայնության հիման վրա: Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում: Այն, որ մենք այսօր Մոսկվայում ենք, ցույց է տալիս մեր բարեկամական հարաբերությունները»,-ասել է Ռամիզ Մեհթիեւը: