Եթե մենք մեր սերունդներին չդաստիարկենք «գալ տարի Շուշի» գաղափարով, մենք չենք կարողանալու Սյունիքը պաշտպանել: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Ադրբեջանցիները 30 տարի սերունդ դաստիարակեցին, որ վերադարձնելու ենք բոլոր տարածքները, հիմա հաջորդ 30 տարին դաստիարակելու են, որ վերցնելու են Հայաստանը եւ կարող է հասնեն դրան, եթե մենք այսպես շարունակենք:
Եթե մեր իշխանություններն այս քաղաքականությունը վարեն, մեր սերունդները միգուցե կապրեն Հայաստանում, բայց այդ Հայաստանը կլինի շատ ավելի փոքր, այդ Հայաստանը չի լինի հայկական Հայաստան: Կրկնում եմ` եթե մենք մեր սերունդներին չդաստիարակենք այսօրվանից «հաջորդ տարի Շուշի», մենք Սյունիք չենք ունենալու շատ մոտ ապագայում»,- ասաց նա:
Ադրբեջանը էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի հնարավորությանն անդրադառնալիս նախապայման է դնում՝ պահանջելով, որ դրա դիմաց Հայաստանի տարածքում վերաբնակեցնեն Խորհրդային Միության փլուզման շրջանում հեռացած ադրբեջանցիներին, և իշխանությունը հենց սրանով է հակադարձում այն քննադատությանը, թե ինչու իրենք արցախահայերի վերադարձի հարցը չեն բերում Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգ։ Վարդան Օսկանյանը ընդգծում է՝ այս երկու հարցերը, նախ, հայելային բնույթ չունեն և հավասարազոր չեն, և երկրորդը՝ անկախ նրանից՝ Երևանը արցախահայեի վերադարձի հարցը բերում է օրակարգ, թե ոչ, Բաքուն ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը չի հանում օրակարգից։
«Եթե Ադրբեջանն ուզում է նրանց ու նրանց սերունդների վերադարձի հարցը քննարկել, խնդրեմ՝ թող հանձնաժողով ստեղծեն, քննարկեն, նորմալ հարաբերություններ լինելու դեպքում էլ օրենքներն այնպիսին լինեն, որ ով ուզենա՝ գա, տուն առնի, ապրի, ինչպես այլազգիները, բայց Արցախը երբեք չի կարելի հավասարեցնել սրան, ի՞նչ համեմատության մասին է խոսքը։ Երբ իշխանություններն ասում են, թե արցախահայերի վերադարձի հարցն օրակարգ բերելու դեպքում նրանք էլ դա կպահանջեն, ուրեմն դուք դիվանագիտություն չունեք, դրա համար էլ միջանցքի հարց կա: Դուք խոսել չգիտեք, հիմնավորում չունեք, դուք վախեցած եք, պարտված եք, ճնշված եք, ծնկի եք եկել հակառակորդի առջեւ: Դուք դատարկ եք դիվանագիտությունից, դուք ոչ միայն միջանցք կտաք, դուք Հայաստանի կեսը կտաք, Հայաստանը կտաք»,- շեշտեց Հայաստանի նախկին արտգործնախարարը:











