Այսօր` նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 20-ին, մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը, որը կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 08:00-ն:
Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հ1, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով: Ցանկացողները հեռուստամարաթոնին առցանց կարող են հետեւել Հիմնադրամի կայքի միջոցով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հեռուստամարաթոնի ընթացքում կհայտարարվեն տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հանգանակված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված որպես Հիմնադրամի 2011 թվականի ռազմավարական ծրագիր:
Ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին: Դեկտեմբերի երկրորդ կեսին Հիմնադրամի գործադիր վարչությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կլուսաբանվի hեռուստամարաթոնը:



























