Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Տոկաևը նշել է, որ «ջերմությամբ է հիշում իր այցը Բաքու և Շուշի», որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Իսկապես, դա շրջադարձային, կարևոր այց էր՝ առանց չափազանցության, իր նշանակությամբ պատմական։ Բանակցությունների ընթացքում մենք զգալի խթան ենք հաղորդել մի շարք ռազմավարական ոլորտներում հետագա փոխգործակցությանը»,- նշել է Ղազախստանի ղեկավարը։
Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության՝ կողմերը քննարկել են ներդրումների, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։
Այս առումով հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու արդյունավետ շահագործմանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացներն օժանդակելու համար։





























