Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ցույց կկազմակերպվի` ընդդեմ բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկիին 4,5 տարվա ազատազրկման դատապարտելու վճռի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, Բելառուսում «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկիին դատապարտել են 4,5 տարվա ազատազրկման:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները համոզված են, որ Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները եւ առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկիի նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրեւ իշխանությունների վրեժը Բելյացկիի իրավապաշտպան գործունեության համար եւ քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին:
Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկիին ճանաչել է խղճի գերի: Բելյացկիի գործի մասին տեղեկատվությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ:
2011թ. նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա ի պաշտպանություն Ալես Բելյացկիի՝ պիկետ Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց` իրենց գործընկերոջն ազատ արձակելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ակցիաներն ի պաշտպանություն Ալես Բելյացկիի միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղրղըզստանում:
Երեւանում պիկետի անցկացման հասցեն է Երեւան,Արաբկիր համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա շենք՝ Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պիկետի անկացման ժամը՝ 14:30-ին:



























