Իտալիան կմնա Թուրքիայի աջակիցը` նրա եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին, ինչպես փոխանցում է իտալական Asca գործակալությունը, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաուրիցիո Մասարին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցին իտալա-թուրքական երկխոսության 8-րդ համաժողովի շրջանակում Ստամբուլում կհանդիպի իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ:
Իտալիան կջանա աջակցել Անկարայի եւ Բրյուսելի երկխոսությանը, թեեւ պետք է խոստովանել, որ գործընթացը բարդանում է ԵՄ մեր գործընկերների քաղաքական վերապահումները: Միաժամանակ` մենք դեկտեմբերին Եվրամիությունից դրական ազդանշան ենք ակնկալում»,-ասել է Մասարին: Խոսելով Իտալիայի եւ Թուրքիայի գործընկերային հարաբերությունների մասին` նա ասել է, որ 2011թ. 9 ամիսների տվյալներով Իտալիան դարձել է Թուրքիայի չորրորդ առեւտրային գործընկերը: «Բացի այդ, մենք ընդհանուր հայացքներ ունենք մի շարք արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ»,-հայտարարել է նա:
Իտալա-թուրքական համաժողովի հիմնական թեման միջերկրածովյան տարածաշրջանի ապագան է` «արաբական գարնանից» հետո:



























