Եվրոպայի խորհրդին կից Կտտանքների եւ անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման եվրոպական կոմիտեն (ԿԿԵԿ) հուլիսի 3-ին հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։
«Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ հուլիսի 3-ին Եվրոպայի խորհրդին կից Կտտանքների եւ անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման եվրոպական կոմիտեն որոշում է ընդունել հրապարակել հրապարակային հայտարարություն Ադրբեջանի մասին»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացրել է APA-ն։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «Կոմիտեն, ի հեճուկս Կտտանքների եւ անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման կոնվենցիայի պահանջի, աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակել հաշվետվություն 2022թ. հատուկ այցելության արդյունքների վերաբերյալ՝ առանց Ադրբեջանի համապատասխան համաձայնության։ Այս մոտեցումը արդարացի եւ հիմնավորված չէ, ինչպես նաեւ հարցեր է առաջացնում իրավաբանական տեսակետից»։





























