Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք եւ շնորհակալություն ենք հայտնում ժողովրդավարության ուղղությամբ ձեր բարեփոխումների համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բին Քարդենը:
«Հայաստանը առաջատար է ժողովրդավարության ասպարեզում այս դժվարին տարածաշրջանում, մենք ուզում ենք մեկ անգամ եւս ընդգծել մեր երկու երկրների միջեւ ամուր կապերը:
«Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները: Մենք աջակցում ենք այդ համաձայնության կայացմանը: Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում: Մենք հասկանում ենք մյուս այն խնդիրները, որոնց հետ պետք է գործ ունենալ»,–ասաց Քարդինը:
Նա ընդգծեց, որ իրենք ուզում են ամրապնդել ՀՀ-ի հետ գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում են անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի համար. «Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշել է սենատորը։
Նա հավելեց, որ տեղում տեսնում են այն անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի առջև. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ու էթնիկ զտման հետ կապված՝ մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն՝ փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»,–ասաց սենատորը:
Նա վստահեցրեց, որ կշարունակեն այս հարցերը, խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել:
Մենք ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում։ Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք։ Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ժողովրդավարական երկրկների համար»,- ասաց ամերիկացի սենատորը։
Նշենք, որ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած երկկուսակցական պատվիրակությունն այցելել է Հայաստան: Հայաստանի ԱԺ նախագահի ու պատգամավորների հետ հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ ասուլիսով:




























