Մեր պատվիրակությունում ունենք հանրապետականներ, դեմոկրատներ, եւ բոլորս միասնական ենք, երբ խոսքը հայ ժողովրդին աջակցելու մասին է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հարավային Կարոլինայի նահանգից ընտրված կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը:
«Հայաստանը տարածաշրջանում մեզ համար կարեւոր գործընկեր է: Մենք տեսել ենք տարածաշրջանային լանդշաֆտի փոփոխությունները, մարտահրավերները Հարավային կովկասում, հայաստանի վերջին քայլերը, որ փորձել է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից եւ ավելի մոտ գնալ Արեւմուտքին: Հայաստանի անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկությունը, Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ը վերականգնելու նկրտումներին հակազդելու առումով, պաշտպանությունը, անվտնգության ոլորտում համագործակցությունը խորացնելով մենք կարող ենք ապահովել, որ Հայաստանը լինի դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ:
Սա երկուստեք շահավետ կլինի: Սա շահեկան կլինի նաեւ տարածաշրջանի եւ գլոբալ անվտանգության համար:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Ադրբեջանն իր նավթային ու գազային ռեսուրսներից է օգտվում, մենք այստեղ ենք, որովհետեւ գիտակցում ենք այն առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավարական պետություն: ԱՄՆ-ի համար շատ կարեւոր գործընկեր է Հայաստանը»,- ընդգծեց նա:
Ջո Ուիլսոնը հորդորեց Ադրբեջանին խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել. «Մենք ուզում ենք նաեւ հորդորել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր անի»,- ասաց նա:





























