Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2012-ի մարտի 4-ին: Նման որոշում է կայացրել ՌԴ Դաշնային խորհուրդը, որը կհրապարակվի նոյեմբերի 26-ին, ինչն էլ նախընտրական քարոզարշավի մեկնարկը կլինի:
Փաստացի, Ռուսաստանում նախագահական քարոզարշավն սկսվում է խորհրդարանական ընտրությունների ավարտից մեկ շաբաթ առաջ:
Այդ օրվանից կարող է սկսվել նախագահի թեկնածուների առաջադրումը: Այդ գործընթացին առաջինը կլծվի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որը նոյեմբերի 27-ին կանցկացնի իր համագումարի երկրորդ մասը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում գլխավոր քաղաքական ինտրիգը լուծվեց իշխող կուսակցության համագումարի առաջին փուլում, որը կայացավ սեպտեմբերի 24-ին, երբ հայտարարվեց, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Իր նախագահական հավակնությունների մասին հայտարարել է նաեւ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը դեռ հստակ պատասխան չի տվել իր թեկնածու առաջադրվելու հարցին: Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ ընտրություններին իր մասնակցության հարցը կախված է «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարի որոշումից, որը կկայանա դեկտեմբերի 10-ին:



























