Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի արշավ է վարում Եվրոպայում, որը ներառում է մահափորձեր, դիվերսիաներ և հրկիզումներ՝ խաթարելու հասարակական աջակցությունը Ուկրաինային: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարը, ով անանունության պայմանով զրուցել է լրագրողների հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը չունի զինամթերք և զորքեր Ուկրաինայում խոշոր հարձակում սկսելու համար և պետք է զինամթերքի զգալի մատակարարումներ ապահովի այլ երկրներից, բացի նրանցից, որոնք արդեն ունի:
«Այսօր մենք տեսնում ենք ռուսական դեռևս շատ մեծ կորուստներ։ Ռուսաստանը փորձում է գրավել [ուկրաինական] տարածքները: Մենք զգալի բարելավում ենք տեսնում Ուկրաինայի պաշտպանության ոլորտում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Նա ենթադրել է, որ Ռուսաստանը կկարողանա պահպանել իր պատերազմական տնտեսությունը ևս երեք-չորս տարի:
Ուկրաինայի Զինված ուժերը ամիսներ շարունակ մարտադաշտում պաշտպանվում են, քանի որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական ծանր ճնշում գործադրել և դանդաղ առաջխաղացումներ կատարել Արևելյան Ուկրաինայում:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինային որոշակի ժամանակ կպահանջվի անհրաժեշտ զինամթերք և անձնակազմ կուտակելու համար՝ նոր լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնելու համար:
«Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ բարելավվում է օրեցօր», - ավելացրել է նա:
ՆԱՏՕ-ն պատասխանել է Ուկրաինային եվրոպական աջակցությունը խաթարելու ռուսական գաղտնի արշավին՝ հրապարակելով երկու հայտարարություն՝ զգուշացնելով Մոսկվային, որ դաշինքը տեղյակ է իր գործողությունների մասին, ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Դաշինքի անդամների միջև հետախուզության փոխանակումը նույնպես աճել է, որպեսզի «մենք ընդհանուր պատկերացում ունենանք, թե ինչ է կատարվում», - ասաց նա:
«Առաջին բանը, որ մենք պետք է անենք՝ հակազդելու այն ամենին, ինչ անում է Վլադիմիր Պուտինը, նրան ցույց տալն է, որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում»,- ասել է նա։
Նա նաև նշել է Չինաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ռուսական պաշտպանական արդյունաբերության համար «կարևոր բաղադրիչների» շարունակական մատակարարումը:
ՆԱՏՕ-ի խոսնակն ասել է, որ Պուտինը «դեռևս հավատում է, որ ժամանակը իր օգտին է աշխատում» և պատրաստ է հանդուրժել «ռազմական զոհերի իսկապես ապշեցուցիչ թիվը»: Ռուսաստանը ամսական հավաքագրում է մոտ 30 000 զինվոր, ինչը նրան թույլ է տալիս դիմակայել մեծ կորուստներին մարտի դաշտում, ասել է նա։


























