Ռուսաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիից բացատրություններ է պահանջում` կապված Վերին-Լարս-Կազբեկ անցակետում ստեղծված իրադրության հետ, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, Վրաստանի իշխանությունները առանց պաշտոնապես տեղեկացնելու ավտոտրանսպորտային միջոցների սահմանափակումներ են մտցրել անցակետի վրացական կողմում, որի հետեւանքով ռուսական կողմից խցանման մեջ են հայտնվել հարյուրավոր բեռնատարներ եւ տրանսպորտի այլ միջոցներ, որոնք, հիմնականում, ուղեւորվում են Հայաստան:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ չթույլատրելով տրանսպորտի հիմնական մասի անցումը` վրաց սահմանապահները բացառություններ են անում առանձին բեռնատարերի համար, ինչը առանձնակի դժգոհություն է առաջացնում: Գերատեսչությունում նաեւ շեշտել են, որ Վրաստանի Ռուսաստան ավտոմեքենաների անցումը չի արգելակվել:

«Վզգլյադ» թերթը հաղորդում է, որ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Վրաստան ավտոմեքենաների անցումը արգելակվել է առատ ձյան պատճառով: Նա նշել է, որ տրանսպորտի մի շարք միջոցների հանդեպ սահմանափակումներ են մտցվել` ելնելով անվտանգության նկատառումներից: