Լեռնային Ղարաբաղում «մեկօրյա պատերազմի» ընթացքում անհետ կորած 21 անձանց հարազատները կարծում են, որ նրանք կարող են գտնվել ադրբեջանական գերության մեջ։
Խոսքը Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում ողջ հայ բնակչության վտարման մասին է։ Այդ ողբերգական օրերին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցավ նաեւ բենզինի պահեստի պայթյուն՝ խլելով բազմաթիվ կյանքեր։ Մինչեւ այժմ երկու տասնյակ մարդկանց մարմիններ չեն գտնվել եւ չեն նույնականացվել։
Զոհվածների եւ անհետ կորածների հարազաներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ։ Զոհվածների հարազատները պահանջում են իրականացնել ներկայումս օկուպացված՝ Լեռնային Ղարաբաղում թաղվածների մնացորդների վերաթաղում Հայաստանի տարածքում։ Անհետ կորածների հարազատները իշխանություններից պահանջում են զբաղվել իրենց հարազատների ճակատագրով։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություն կա, որ բենզինի պահեստի պայթյունի տեղում աշխատել են ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչները։ Ինչպես հավաստիացնում են անհետ կորածների հարազատները, պայթյունի տեղում գտնված բջջային հեռախոսները եւ փաստաթղթերը չեն պատկանել անհետ կորածներին։ Ավելին, հոկտեմբերին անհետ կորածներից մեկը զանգահարել է ընկերուհուն։ Այս տեղեկությունը հանձնվել է ԱԱԾ, սակայն այդ ժամանակվանից ի վեր պաշտոնական աղբյուրներից հարազատները ոչ մի տեղեկություն չեն ստացել։
Նրանք կարծում են, որ նրանք կարող էին ողջ մնացած լինել եւ այժմ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Մարդիկ չեն պատրաստվում հեռանալ՝ պահանջելով, որ իրենց մոտ գան կառավարության ներկայացուցիչները եւ տեղեկացնեն, թե ով է զբաղվելու հարցով եւ ինչ է արվում։
Ակցիան շարունակվում է ավելի քան մեկ ժամ, սակայն մինչ այժմ ոչ ոք կառավարությունից չի բարեհաճել գոնե իջնել վշտից կորացած մարդկանց մոտ։





























