Ներկա իրավիճակը իրադարձությունների զարգացման եւ սխալների պոտենցիալի տեսակետից հիշեցնում է 2020թ. նախապատերազմյան վիճակը։ Այս մասին հուլիսի 11-ի քննարկումների ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ նույնպես մարդիկ նախազգուշացնում էին այն մասին, որ աղետ է մոտենում, սակայն այն կանխել չհաջողվեց։ «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ թույլ չտանք իրադարձությունների նման զարգացում»,- ավելացրել է նա։

Փորձագետի գնահատականով՝ Հայաստանում վարվում է ոչ թե երկրի, այլ մեկ մարդու շահերից բխող քաղաքականություն։ «Կարող է ստեղծվել իրավիճակ, որի դեպքում մեզ կասեն, որ մենք մնացել ենք մենակ, մենք թույլ ենք եւ ոչինչ չենք կարող անել։ Բանակցային գործընթացում շիլա է նկատվում»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Փորձագետը նշել է, որ Հայաստանն ինտենսիվորեն կորցնում է դաշնակիցներին եւ անվտանգության համակարգը, իսկ հակառակորդը՝ հանձին Բաքվի, նույն ինտենսիվությամբ նրանց հետ կապեր է հաստատում, մասնավորապես՝ Ռուսաստանի, Արեւմուտքի, Չինաստանի, հարաբերությունների լուրջ զարգացում է նկատվում Իրանի հետ։

«Սա այն է, ինչը պետք է անեինք մենք։ Հարցն այն չէ, որ արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքականություն վարվի, այլ այն, որ իրատեսական քաղաքականություն լինի։ Մենք մեր սխալների պատճառով կառավարելի հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող ենք վերափոխել հայ-թուրքական հակամարտության»,- ընդգծել է նա։