Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, բնականաբար, խաղաղության պայմանագրի կնքումն այդքան էլ ընդունելի չէ, և տարբեր պատրվակներ է մտածում այդ գործընթացը ձգձգելու համար, որովհետև իրենք գոհ չեն այն արդյունքներից, որոնք հիմա արձանագրված են: Հետևաբար իրենք պատերազմի կրակը մարմանդ են պահում, որպեսզի անհրաժեշտ պահի վերածեն  մեծ հրդեհի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու նախադրյալներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով երեկ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո Էնթոնի Բլինքենի նույնաբովանդակ հայտարարությա մասին:

Նա նշեց, որ երբ իրեն անցյալ տարի կամ ավելի վաղ էին այդ հարցը տալիս, պատասխանում էր, որ նման նախադրյալներ չի տեսնում, սակայն հիմա տեսնում է, որովհետև կարծում է՝ բոլոր դեպքերում Հայաստանը շատ բարդ ճանապարհ է անցել:

«Բլինքենի համար նման հայտարարություն անելն ավելի հեշտ է, որովհետև նա մասնակցում է բանակցություններին, և ծանոթ է մթնոլորտին, կարող է չափել կողմերի անկեղծության աստիճանը: Հույս ունենանք, որ նա իսկապես չի սխալվում և դա արդեն մոտ ապագայի հարց է»,-ասաց նա:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, բնականաբար, խաղաղության պայմանագրի կնքումն այդքան էլ ընդունելի չէ, և տարբեր պատրվակներ է մտածում այդ գործընթացը ձգձգելու համար, որովհետև իրենք գոհ չեն այն արդյունքներից, որոնք հիմա արձանագրված են: Հետևաբար իրենք պատերազմի կրակը մարմանդ են պահում, որպեսզի անհրաժեշտ պահի վերածեն  մեծ հրդեհի: Բայց, բարեբախտաբար, մեր միջազգային գործընկերների ազդեցության տակ փոքրանում է իրենց մանևրելու հնարավորությունը, և կարծում եմ մոտ ապագայում պետք է գան խաղաղության պայմանագրի կնքմանը: Խաղաղության պայմանագրի կնքումը չպետք է ֆետիշացնել, որովհետև կարելի է այսօր խաղաղության պայմանագիր կնքել, 3 օրից ռազմական գործողություն սկսել»,-ասաց Հվոիկ Աղազարյանը՝ հավելելով, որ այդ խաղաղության պայմանագիրը որպես փաստաթուղթ ուժեղացնելու համար պետք է նաև քո քաղաքականությունը ուժեղացնել, արտաքին քաղաքականոթյունը ճիշտ վարել, երկրի պաշտպանողականությունը բարձրացնել, ինչը արվում է կառավարության կողմից:

Հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն շտապում այդ պայամանգիրը կնքելու հարցում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Չեմ կարող այդ հարցին պատասխանել, երևի իրենք շահագրգռված են, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի: Հստակ չեմ կարող ասել, թե իրենք ինչ շարժառիթներ ունեն, որովհետև ես գիտեմ, որ յուրաքանչյուր երկիր իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվում է իր շահերով: Ճիշտ է՝ Ամերիկան մեծ պետություն է և այդքան հեշտ չի գնահատել, թե ի՞նչ շահեր կարող է ինքը այստեղ ունենալ, հետևաբար կարծում եմ, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի, որ այն անկայուն վիճակը, որ կա այս պահին աշխարհում, չվերածվի գլոբալ ռազմական գործողությունների»:

Խոսելով այն մասին, որ Ռուսաստանի փոխարտգործնախարարն իր դժգոհությունը և ափսոսանքն է հայտնել, որ Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողվին, և ասում է, որ Հայաստանը քայլեր է անում դեպի ՆԱՏՕ-ն, նա ասաց.

«Ես չեմ կարծում, որ դա հիմք ունի, Հայաստանն անկախ պետություն է, և քաղաքականություն իրականացնում է ՝ ելնելով իր շահերից: Մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ կան այլ երկրներ, և պարտավոր ենք հաշվի առնել նաև տարածաշրջանային պետությունների շահերը: Ես չեմ կարծում, որ տվյալ հանգամանքը որևէ պետության դեմ ուղղված քայլ է և որևէ պետության շահերին չի համապատասխանում: Ձեր նշած արտգործնախարարն այնպիսի գնահատականներ է տվել, որ հարիր չէ այդ մակարդակի պաշտոնային նման հայտարարություններ անելը: Մեր որևէ քայլ որևէ պետության դեմ չէ, ու հատկապես Ռուսաստանի դեմ չէ»:

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը գնում խաղաղության պայմանագրի կնքմանը, եթե որևէ երաշխիք չկա, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Երաշխիք չկա, բայց ասացի, որ այդ փաստաթուղթը պետք է ամրագրվի մեր արտաքին քաղաքականությամբ, պաշտպանողականության բարձրացմամբ: Խաղաղության պայմանագրի կնքումը նաև կանխատեսում է սահմանների ճշտում, հստակեցում, որ որևէ երկիր կասկածի տակ չդնի այս կամ այն բնակավայրը ՀՀ-ի տարածքո՞ւմ է, թե՞ Ադրբեջանի: Այդ իմաստով շատ կարևոր է պայմանագրի կնքումը: Բայց չպետք է ֆետիշացնել, որ պայմանագիրը հենց կնքեցին, բոլոր խնդիրները լուծվելու են»:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հույսով է Հայաստանը Արևմուտքի գծած սցենարով որևէ գործընթացի մասնակցում, այն պարագայում, երբ Արևմուտքը բացի Հայաստանի ժողովրդավարությունը գովելուն, ուրիշ ոչինչ չի անում, նա պատասխանեց.

«Ես համաձայն չեմ, որ ոչինչ չեն առաջակում, շատ բան են առաջարկում, փորձում են օգնել, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, մրցունակ լինենքն աշխարհում, Եվրոպայում: Պատրաստակամությունը հայտնվել է: Դրանք շատ լուրջ կռվաններ են, որոնք եթե կարողանանք հաղթահարել, շատ մոտ կլինենք Արևմուտքին»: