Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքը կայանալու է 2012թ. փետրվարին: Այդ մասին այսօր` նոյեմբերի 25-ին ընթացող հանրահավաքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Նկատի ունենալով ձմռանը հատուկ դժվարությունները (իսկ այս ձմեռն, ըստ երեւույթին, խիստ է լինելու), հաջորդ հանրահավաքը, բնականաբար, տեղի կունենա փետրվարին։ Նրա անցկացման կոնկրետ օրը, իրադարձությունների զարգացմանը համահունչ, ձեզ կհայտարարվի լրացուցիչ։ Բայց քանի որ, ինչպես արդեն նշել եմ, միապաղաղ թվացող իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ, ուստի բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա նույնիսկ ավելի վաղ»,- նշել է նա։

Ըստ Տեր-Պետրոսյանի, մինչեւ գարուն, « Կոնգրեսն իր ջանքերը կենտրոնացնելու է գլխավորապես մարզերում տարվող աշխատանքի եւ տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա, եւ այդ գործն արդեն իսկ ընթացքի մեջ է»։

Վերջում առաջին նախագահը մաղթել է լավ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին եւ Սուրբ ծնունդը։ «2012 թվականը թող դառնա հույսի ու արժանապատվության վերականգնման եւ ձեր բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի։ «Առաջ, դեպի անսերժ Հայաստան»,- ասել է նա։