Ճանապարհ եւ միջանցք բառերը տարբեր նշանակություն ունեն. Ճանապարհի դեպքում ադրբեջանական մեքենան Հայաստան մտնելիս անցնում է մաքսային եւ սահմանային վերահսկողություն, նույնը տեղի է ունենում նաեւ Հայաստանից Նախիջեւան մտնելիս, իսկ իրենք ուզում են միջանցք, որի դեպքում ոչ մի վերահսկողություն չի լինի, ուզում են լինի միջանցք, որը կունենա լայնություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ենթադրենք ադրբեջանական մեքնենա Ադրբեջանից ուզում է գնալ Նախիջեւան, հայկական մեքենան էլ ուզում է այստեղից գնա Մեղրի, հայկական մեքենաները պետք է սպասեն, իրենց համար ռեժիմ է տրամադրվելու, թե երբ կարող են անցնել եւ ինչ անցաթղթով անցնել մեր իսկ տարածքով: Հայաստանի տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, Ռուսաստանը չի ասում միջանցք բառը: ԱՄՆ-ն, Եվրոպան խոսում են միջանցքի մասին: Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց, որ խոսքը միջանցքի մասին է: Մենք հիմա պետք է խնդրեմք ամերիկացիներին, ադրբեջանցիներին այդ միջանցքը, որ մտնեն, մեզ քիչ նեղեն: Միջանցք նշանակում է սուվերենության կորուստ այդ հատվածի նկատմամբ: Այսինքն մենք չենք կարող ասել՝ Ադրբեջանը զենք է տանում նախիջեւան, չի թույլատրվում զենք տանել: Մեզ ասելու են՝ պաշոլդ քաշի ստեղից, որովհետեւ սա քոնը չի:
ՀՀ իշխանությունների բլեֆը՝ միջանցքի փոխարեն առաջարկել խաչմերուկներ 5 հատ, բայց ճանապարհ, չանցավ»,-ասաց Բագրատյանը:
Նա ընդգծեց, որ Մեղրիով լինելու է առնվազն երկու միջանցք. «Ռուս-Ուկրաինական պատերազմի արդյունքում Միջին Ասիայի թուրքական պետությունները, որոնք 1-2 մլն տոննա բեռ ունեն ուղարկելու Եվրոպա, զրկվել են դրանից: Իրենք ունենք ճանապարհ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Իրան-Թուրքիա, բայց Ադրբեջանն այս առիթն օգտագործում է եւ ասում է՝ Եվրոպա, ուզո՞ւմ ես այդ ապրանքները ստանալ, ինձ միջանցք է պետք: ԵՎրոպան եւ ԱՄն-ն դարձան այդ միջանցքի ջատագովները»,- ասաց նախկին վարչապետը:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված է ճանապարհ Մեղրիով. «Այդ հայտարարության 8 կետերը չեն կատարվել, ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս այդ համաձայնագրից: Դուրս չի գալիս, որովհետեւ Արեւմուտքից եկել են եւ իրեն ասել են՝ դա պետք է մնա, դա մեզ համար ավելի կարեւոր է, քան ձեր Հայաստանի գոյությունը: Այդ միջին միջանցքին միացել է նաեւ Չինաստանը: Ռուսաստանի երկաթգծերի փակվելու պատճառով Չինաստանը կորցրել է տարեկան 20 մլն տոննա բեռ Եվրոպա արտահանելու հնարավորությունից»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:











