Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Դերսիմի կոտորածների համար ներողություն խնդրելն ինչ-որ մեկը կարող է համարել ծուղակ ընդդիմության համար, բայց այն անկասկած կոտրում է թաբուն եւ քննարկման համար մթնոլորտ ստեղծում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) արտաքին քաղաքականության գծով վերլուծաբան Բուրչու Գյուլթեքին-Փունշմանը:
«Կարելի է համաձայնել կամ չհամաձայնելնրա մեթդների հետ, համարել այն քաղաքական քայլ ընդդիմության ապակայունացնելու համար կամ անհավես ներողություն խնդրել, բայց փաստացի այդ հայտարարությունը խթանեց քննարկումներ: Շատերն այդ խնդրին բաց են մոտենում»,- հայտարարեց նա:
Նրա կարծիքով, Էրդողանի հայտարարությունը անակընկալ էր ԵՄ-ի համար այնպես, ինչպես ժամանակին մահապատժի վերացման մասին: «ԵՄ անդամակցելու գործընթացքը Թուրքիայի ժղովրդավարացման համար դարձավ ուղղորդող ուժ 2000-ականների կեսերին: Դա հնարավորություն տվեց Արդարություն եւ զարգացում կուսակցությանը, այդ ժամանակ քաղաքական բեմում նոր խաղացողին, հաղթահարել շատ կաղապարներ: Ներկայում ԵՄ-ի գործոնը կորցրել է իր կարեւորությունը Թուրքիայի տրանսֆորմացիայում: Այդպիսի մեծամասնությամբ կառավարությունն առանձնապես շատ արտաքին աջակցության կարիք չի զգում»,- ասաց փորձագետը:
«Ոչ ոք դրանով չի ցանկանում հաճոյանալ Եվրոպային»,- ասաց նա, հավելելով, որ Եվրոպայի` որպես հանդուրժողականության օջախի հեղինակությունը բավականին տատանվել է. «Այդ օրերին հասարակական կարծիքը դեռեւս գտնվում է Գերմանիայում նեոնացիստների կողմից կատարված մի շարք սպանությունների ազդեցության ներքո»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այժմ Գերմանիայի ոստիկանությունը որոնում է նեոնացիստական կազմակերպությանը, որին վերագրում են 8 թուրքի, 1 հույնի եւ 1 կին- ոստիկանի սպանությունները:
«Մենք ընդամենը փորձում ենք մեր հասարակության ներսում կազմակերպել քննարկում եւ դառնալ պատմությանը, ինչը կարող է շատ ցավոտ լինել: Սակայն եվրոպացիները միանշանակ կարող են մեզ դրանում օգնել. նրանք գիտեն` ինչ է նշանակում գործ ունենալ անցյալի ծանր բեռի հետ»,- ասաց Բ. Բյուլթեքին- Փունտշմանը:



























