Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում է ունեցել կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դեկտեմբերի երկրորդ կեսին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի օրակարգերին վերաբերող մանրամասներ:

Կողմերն անդրադարձել են նաեւ 2012թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ համատեղ համալիր զորավարժության անցկացմանն առնչվող հարցերին, քննարկել են ՀԱՊԿ նոր աշխատանքային մարմնի` ռազմական կոմիտեի ստեղծման ուղղությամբ ընթացող կազմակերպչական ու իրավական, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: