ԱՄՆ-ում «սեւ ուրբաթը»` տարվա գլխավոր զեղչերի սեզոնն ուղեկցվել է մի շարք տհաճ միջադեպերով: Երկրի միլիոնավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ, ովքեր կեսգիշերին գրոհել են խանութները, պատրաստ են եղել անել ամեն ինչ` ամենամեծ զեղչերով ապրանքը ձեռք բերելու համար:
Ոստիկանությունը միջամտելու վերաբերյալ առաջին լուրջ առիթն ունեցել է Լոս Անջելեսում` հինգշաբթի երեկոյան, երբ « Ուոլլմարտ» հանրախանութի հերթում մի կին, իր «մրացակիցներից» առաջ անցնելու համար, 20 գնորդների աչքերին ուղղակի պղպեղ է շաղ տվել: Նյու Յորքում նույն ցանցի խանութներից մեկում վիճաբանություն է ծագել ոսկերչական բաժնի դրամարկղի մոտ. արդյունքում վնասվածք է ստացել երկու կին եւ մեկ տղամարդ:
Հյուսիսային Կարոլինայում էլ երկու մարդ հրազեն են կիրառել` խանութներում իրենց ճանապարհը բացելու համար:
ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիան վաստահ է, որ ոչինչ չի խանգարում հասնել նոր պատմական ռեկորդի: Փորձագետների կանխատեսումներով` «սեւ ուրբաթից» սկսած` երեք օրվա ընթացքում, ամերիկյան հանրախանութներ կայցելի 152 մլն մարդ, ինչը 1%-ով կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը:



























