Առողջապահության ազգային ինստիտուտի մոտ 150 աշխատակիցներ 3 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Ավելին` նրանցից 100-ը հայտնվել են կրճատման տակ եւ շուտով կհամալրեն գործազուրկների շարքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին կրճատման ծանուցում ստացած աշխատակիցները: Հիշեցենք, որ կառավարությունն օգոստոսին որոշեց Առողջապահության ազգային ինստիտուտի գործառույթների մի մասը փոխանցել բժշկական համալսարանին, միաժամանակ բուհ տեղափոխելով նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտի բյուջեն, որը տարեկան կտրվածքով պետպատվերի մասով 120 միլիոնի սահմաններում էր, իսկ վճարովի հիմունքներով 650 միլիոնի:
Արդյունքում Առողջապահության ազգային ինստիտուտի 750 աշխատակիցներից 510-ը տեղափոխվեցին Բժշկական համալսարան:
Հիշեցնենք նաեւ, որ Առողջապահության ազգային ինստիտուտը 14 տարի ղեկավարել է Դերենիկ Դումանյանը, իսկ երբ դարձավ Բժշկական համալսարանի ռեկտոր, ինստիտուտը բյուջեի հետ միասին իր հետ տարավ Բժշկական համալսարան: Այնինչ այդ բյուջեից, թե Առողջապահության ազգային ինստիտոտի աշխատավարձ էր գոյանում, թե այլ ծախսեր էին կատարվում:
Բացի այդ, Առողջապահության ազգային ինստիտուտն, Առողջապահության նախարարությունից անցավ ԿԳ նախարարությանը, սակայն ստեղծված խնդրի շուրջ, թե ԿԳ նախարարությունից, թե Առողջապահության նախարարությունից NEWS.am-ի թղթակցին չկարողացան պարզաբանում տալ: Իսկ Բժշկական Համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե ճի՞շտ է, որ աշխատակիցներ են կրճատվում եւ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, արձագանքեց. «Բայց ես դա որտեղի՞ց կարող եմ իմանալ»: Նրա խոսքով, բժշկական համալսարանի համակարգ է տեղափոխվել միայն դասախոսական կազմը, իսկ կրճատումների վերաբերյալ առաջարկեց տեղեկանալ նախարարություններից:
«Ես էլ եմ հայտնվել կրճատման տակ: Իսկ պատճառաբանությունն այն է, որ աշխատատեղեր չկան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բարձրաձայնեց Առողջապահության Ազգային ինստիտուտի մամուլի գծով խորհրդական Սուսաննա Թոքմաջյանը: Հարցին, թե ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ են, նա պատասխանեց, որ առայժմ ոչինչ ասել չի կարող:
Այնուամենայնիվ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի ղեկավար Վիգեն Շահինյանը խոստովանեց, որ կառավարության հայտնի որոշմամբ հետդիպլոմային կրթությունն առողջապահության ազգային ինստիտուտից տեղափոխվել է Բժշկական համալսարան: Համապատասխանորեն նաեւ ֆինանսավորումն է տեղափոխվել: Իսկ կրճատման տակ հայտնված աշխատակիցները նրա փոխանցման, ոչ թե 100-ն են, այլ 40-ը:
«Հիմա իրավիճակը այսպիսին է. 176 հոգի դեռ շարունակում են աշխատել, որոնց մի մասի վճարումը ձգձգվում է, իսկ մյուսներին ընդհանրապես գումար չի վճարվել: Նման դեպքերում անխուսափելի են վերակազմակերպական կառուցվածքային փոփոխությունները: Ներկա պահին 40 հոգի կրճատման գործընթացի փուլում են, որոնք այս նոր պայմաններում պիտանի չեն ինստիտուտի գործունեության համար»,- խոստովանեց Վիգեն Շահինյանը:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի «պիտանի չեն» ասելով, նա ավելացրեց. «Այսինքն` դեկանատ չկա: Օժանդակ ստորաբաժանումներում 6 հոգի են, իսկ նոր պայմանները թելադրում են, որ 3-ը մնան»:
Ներկա պահին նա չկարողացավ ասել, թե Առողջապահության ազգային ինստիտուտի բյուջեն որքան է կազմում, սակայն խոստացավ, որ այդ հարցին կպատասխանի հունվարից հետո: «Բայց նախորդ տարվա համեմատ բյուջեն կտրուկ կրճատվել է: Հետեւաբար` այս պահին ֆինանսավորման հարցը ձգձգվում է: Օրինակ, հոկտեմբերից աշխատավարձը չի եկել, բայց այս հարցը կառավարությունում եւ ԿԳ նախարարությունում քննարկման փուլում են մի 10 օրվա ընթացքում խնդիրը լուծում կստանա»,- հույս հայտնեց Վիգեն Շահինյանը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























