Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո՝ մինչև հուլիսի 5-ը, իրենք «ուղիղ առճակատման մեջ են մտել ահաբեկիչների հետ և նրանց 79 մահացու հարված հասցրել», հաղորդում է IRNA-ն։

Ըստ իրանական ԶԼՄ-ի, նախարարության հակաահաբեկչական ստորաբաժանումը միայն մայիսի 21-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել և ջախջախել է բազմաթիվ հանցախմբեր, իսկ ուղիղ առճակատման 79 դեպքում ձերբակալել տասնյակ ահաբչական տարրերի և դրանց հանցակիցներին, առգրավել տարբեր տեսակի զենքի 560 միավոր, 41 895 մարտական փամփուշտ, 9 պատրաստի ռումբ և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր ու ռումբեր։

Գործողությունների շարքի իրականացման ընթացքում, բացի նոր ժամանած ահաբեկիչների բացահայտմանը և ձերբակալմանը, բացահայտվել են նաև մի շարք փորձառու գործակալներ, որոնք երկիր էին մտել ահաբեկչական գործողությունները ղեկավարելու կամ մահապարտների գործողություններ իրականացնելու համար:

Ահաբեկչական գործողությունների համար առաջնահերթ աշխարհագրական տարածքները հիմնականում եղել են Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Ռեզավի Խորասան, Ֆարս, Սիստան և Բելուջեստան, Հորմոզգան և Բուշեր նահանգները:

«Մի շարք ահաբեկիչներ գերի են ընկել նախապատրաստված դարանակալումներում կամ սպանվել փոխհրաձգության ժամանակ նախքան երկիր մտնելը և արևելյան սահմանին:

Իրաքյան Քրդստանում տեղակայված անջատողական խմբավորումները նույնպես կոպտորեն շահագործել են իրավիճակը իրենց նպատակների համար։ Նրանց գործողությունների թվում էր երկրի հյուսիս-արևմտյան սահմանով ահաբեկչական գործողության համար կիսածանր ռազմական բեռներ ուղարկելը, սակայն զինված բախումից և փոխհրաձգությունից հետո ողջ բեռը ապահով կերպով հանձնվել է անվտանգության ուժերին»,- գրում է IRNA-ն։