Հայաստանի համար կենսական խնդիր է կոմունիկացիոն ծրագրից դուրս չմնալը, սա եզակի շանս է մեզ համար անցած 3 տասնամյակների ընթացքում կորցրած հնարավորություններից հետո գոնե այս ծրագրից դուրս չմնալու: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին:
«Չեմ հիշում, որ մենք երբևէ միջազգային որևէ լուրջ ծրագրի մաս եղած լինենք: Մենք մի հատ հյուսիս-հարավ արդեն ավելի քան մեկ տասնամյակ է չենք կարողանում կառուցել: Սա խոսում է մի պետության մասին, որը աշխարհի իրողություններին համահունչ չի շարժվում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս ճանապարհի մաս դառնանք, որովհետև մեծ հաշվով այն նաև անվտանգություն է ապահովելու: Պատկերացրեք, եթե այն դառնա առանցքային ճանապարհը արևելքի և արևմուտքի միջև, սա դառնալու է նաև անվտանգության լրջագույն գործոն: Ինչքա՞ն դերակատար է շահագրգռված լինելու, որպեսզի այս ճանապարհի երկրներում լինի խաղաղություն»,-ասաց փորձագետը:
Նրա խոսքով, այս ամենը հասկանում են նաև Թուրքիան ու Ադրբեջանը, այդ պատճառով էլ փորձում են «հնարավորինս բարձր գնով վաճառել այդ 44 կիլոմետրանոց անցումը»:
«Կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում այդ միջանցքը ռազմական ճանապարհով ստանալու տարբերակը չկա, իրենք փորձում են դիվանագիտական ճնշում գործադրել՝ ընդ որում փորձում են այլ երկրների հնարավորություններն օգտագործել: Պատերազմ չի լինելու, Ադրբեջանը պատերազմի միջոցով միջանցք չի ստանալու: Նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, ասել՝ արագացրե՛ք, կենսական նշանակության ճանապարհը բացենք, բայց ես վստահեցնում եմ՝ այդ ճանապարհը մինչև 2030 թվականը չի գործելու»,-նշեց Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ միայն 3-4 տարի է պետք, որ ՀՀ տարածքում այդ ենթակառուցվածքները նախապատրաստվեն, 2 տարի էլ Ադրբեջանին է պետք:











