Եվրամիությունը պետք է վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ քաղաքական փոխգործակցություն հաստատի Գլոբալ Հարավի երկրների հետ, որի հարգանքը Եվրոպան կորցրել է «Ուկրաինայում պատերազմի դիրքորոշման պատճառով», Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղած նամակում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Ինչպես գրել է Bild-ը՝ հղում կատարելով փաստաթղթին, Օրբանն առաջարկել է երկխոսություն սկսել նաեւ Չինաստանի հետ եւ նախազգուշացրել է, որ ռազմական հակամարտության ինտենսիվությունն Ուկրաինայում առաջիկայում «արմատապես կսրվի»։

Օրբանի կարծիքով՝ ԱՄՆ գործող նախագահը չի փոխի իր «ռազմական քաղաքականությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, բայց Դոնալդ Թրամփը հաղթանակից հետո անմիջապես  «պատրաստ կլինի հանդես գալ որպես խաղաղ կարգավորման միջնորդ»։ Թրամփը «հիմնարար պլաններ ունի այս հաշվով», հավաստիացրել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանը նամակ է գրել Եվրոպական խորհրդի նախագահին Ուկրաինա, Ռուսաստան եւ Չինաստան կատարած այցերից հետո, ինչպես նաեւ հանդիպել է Թրամփին ԱՄՆ-ում։ ԵՄ ղեկավարները դատապարտել են նրա ուղեւորությունը Մոսկվա՝ ընդգծելով, որ նրան չեն լիազորել բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Եվրամիության անունից։ Օրբանի գործողություններին ի պատասխան՝ ԵՄ երկրները որոշել են բոյկոտել արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը Հունգարիան նախատեսում է անցկացնել օգոստոսի վերջին Բուդապեշտում։

Իր այցելությունների արդյունքներով Օրբանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ Պուտինը եւ Սի Ծինփինը ակնկալում են խաղաղության բանակցությունների վերսկսում մինչեւ 2024թ. վերջ։ Այս առնչությամբ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել խաղաղ երկխոսություն սկսել՝ չսպասելով ԱՄՆ-ին, քանի որ Վաշինգտոնից նախաձեռնության սպասել չարժե առնվազն մինչեւ նոյեմբեր։

Պուտինը ավելի վաղ ասել էր, որ պատրաստ է վերսկսել հարաբերություններն Արեւմուտքի երկրների հետ, որոնց նա անվանել է Ռուսաստանի հակառակորդներ, որոնք ցանկանում են պառակտում մտցնել եւ թուլացնել երկիրը ներսից։ «Ընտրությունը նրանցն է՝ մտադի՞ր են արդյոք նրանք այսուհետ եւս փորձել զսպել Ռուսաստանի զարգացումը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը եւ տարիներ չդադարող ճնշումը, թե՞  փնտրել համագործակցության եւ խաղաղության ճանապարհ»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ երկխոսությունը պետք է կառուցվի «ոչ ուժի դիրքերից, առանց մեծամտության, ամբարտավանության եւ սեփական բացառիկության»։