Գոլոդոմորը համաշխարհային մասշտաբով աննախադեպ ողբերգություն էր եւ Ուկրաինային անուղղելի վնաս հասցրեց: Այս մասին Գոլոդոմորի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահը նշել է, որ բռնատիրական սարսափելի տարիները նաեւ հոգեւոր աղետ էին. շատ եկեղեցիներ ավերվեցին, ֆիզիկապես ոչնչացվեցին եւ ճամբարներ ուղարկվեցին հարյուրհազարավոր գյուղացիներ, բանվորներ եւ մտավորականության ներկայացուցիչներ, տուժեց գրեթե ամեն ուկրաինական ընտանիք:

Ուկրաինայում այսօր հիշում են անցած հարյուրամյակի 32-33թթ. զանգվածային սովի զոհերին: Այդ ժամանակ, տարբեր գնահատականներով, յոթից տաս միլիոն մարդ է զոհվել:

2002թ. Ուկրաինայի Գերագույն ռադան Գոլոդոմորը ճանաչել էր իբրեւ ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Այն որպես ցեղասպանություն է ճանաչվել նաեւ մի քանի տասնյակ պետությունների խորհրդարանների կողմից: Սակայն 2010թ. իշխանության գալուց հետո Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ համաձայն չէ նման մեկնաբանությանը եւ այդ հարցում պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը, այն է` Ուկրաինայի սովը նախկին խորհրդային երկրների համընդհանուր ողբերգությունն էր:

Ըստ պատմաբանների եզրահանգումների` սովը կազմակերպվել էր ստալինյան վարչակարգի կողմից` ազգային-ազատագրական շարժումը խեղդելու նկատառումով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: