Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել օրինակելի նախագծերից։ Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր առաջարկները ևս կներառվեն այս բաժնում։
Հրապարակված 18 նախագծերից ութն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր։
Նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին, որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում, կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակով։ Ծրագրի մանրամասները ներկայացված են bnakavayr.am տեղեկատվական հարթակում։





























