Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ամբողջ աշխարհի հետ 16,3 մլրդ դոլար է, այն դեպքում, երբ 2023-ի ողջ ընթացքում այն եղել է շուրջ 20 մլրդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այսինքն 5 ամսում ապահովել ենք 2023 թվականի ավելի քան 80 տոկոսը: Թվում է՝ լավ է, կ առաջընթացի, բայց երբ վերլուծում ենք, տեսնում ենք, որ այդ ապրանքաշրջանառության 46 տոկոսը ԵԱՏՄ-ին է բաժին ընկնում, իսկ դրա 98 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այսինքն 7,65 մլրդ դոլարից 7,53 մլրդ-ը, շուրջ 98 տոկոսը Ռուսաստանի հետ է: Եմ-ի հետ ապրանքաշրջնառությունը 5 ամսում եղել է 877 մլն դոլար, 5,1 տոկոս: Այսինքն ՌԴ-ի բաժինը 46 տոկոս է, ԵՄ-ինը՝ 5 տոկոս:

Իհարկե, այստեղ մեծ դեր ունեն վերարտահանումները:

Հիմա եթե բացում ենք Զանգեզուրի միջանցքը, որը հակառուսական, հակաիրանական տրամադրվածություն ունեցող  քաղաքական պրոյեկտ է, դրանով փչացնում ենք մեր հարաբերությունները Իրանի եւ ՌԴ-ի հետ, ապրանքաշրջանառության առումով որոշակի ռիսկեր ենք առաջացնում, որովհետեւ բնականաբար, մենք չենք օգտվելու այդ միջանցքից, օրինակ, Ադրբեջանի տարածքով ապրանքներ Ռուսաստան արտահանելու համար: Հետռեւաբար, տնտեսական այս առումով տնտեսական առաջնահերթությունների մասին խոսելը կամ այս քաղաքական պարտադրված պրոյեկտը տնտեսական առավելություններ ձեռքբերելու այլընտրանքներ ներկայացնելը, ուղղակի ծիծաղելի է:

Այո, եթե քո տարածքը դառնում է տրանզիտ, դրանից դու որոշակի տոկոսներ ունենալու ես, բայց արդյոք դա փոխարինելու է  այն միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառության ճեղքը, որ առաջանալու է ՌԴ-ի հետ առճակատումից»,- հայտարարեց Դավիթ Անանյանը:

Նա հայտարարեց, որ մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլի համեմատ կրկնակի նվազել է: «Ապրիլին այն եղել է 10,2 տոկոս, իսկ մայիսին՝ 5,2 տոկոս: Դա պայմանավորված է նրանով, որ վերարտահանումը հատկապես ոսկու, կտրուկ նվազել է: Ենթադրվում է, որ մոտակա ամիսներին այդ վերարտահանումն այլեւս չի լինի»,-ասաց Դավիթ Անանյանը: