Եվրոպայի երկրորդ ատյանի դատարանը չորեքշաբթի ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ երկրորդ ժամկետով թեկնածության հիմնական քվեարկությունից մեկ օր առաջ Եվրահանձնաժողովին քննադատել է թափանցիկության բացակայության համար՝ չորս տարի առաջ նշանակված COVID-19 պատվաստանյութի պայմանագրերի առնչությամբ, հայտնել է Reuters-ը։
Որոշ եվրոպացի օրենսդիրներ սուր քննադատության են ենթարկել Հանձնաժողովի բազմամիլիարդանոց պայմանագրերը, մասնավորապես նրա համար, որ ֆոն դեր Լայենի և Pfizer-ի գործադիր տնօրենի միջև պայմանագրերից մեկի վերաբերյալ տեքստային հաղորդագրությունները չեն հրապարակվել: Եվրահանձնաժողովը պնդում է, որ նշված հաղորդագրությունները պարզապես չի պահպանել։
Համավարակի գագաթնակետին Եվրահանձնաժողովը գործարքներ է կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մատակարարող AstraZeneca-ի, Sanofi-ի, GSK-ի, Johnson & Johnson-ի, BioNTech-ի, Pfizer-ի, Moderna-ի և մյուս դեղագործական ընկերությունների հետ:
Սակայն ԵՀ-ն թույլ է տվել միայն մասնակի մուտք գործել, իսկ որոշ փաստաթղթեր էլ խմբագրել է, հայտարարելով, թե դա արվել է առևտրային շահերը և որոշումների ընդունման գործընթացը պաշտպանելու նպատակով: Օրենսդիրներն իրենց բողոքները տեղափոխել են Լյուքսեմբուրգի ընդհանուր դատարան, իսկ չորեքշաբթի դատավորները վերջիններիս հայցը բավարարել են։
«Հանձնաժողովը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի վերաբերյալ բավարար հանրային հասանելիություն չի տրամադրել։ Հանձնաժողովը չի ապացուցել, որ այս դրույթների ավելի մեծ հասանելիությունը գործնականում կխաթարի նշված ձեռնարկությունների առևտրային շահերը», - հայտարարել է դատարանը:
Եվրահանձնաժողովը մերժել է նաև գաղտնիության առնչությամբ ԵՄ գործադիր իշխանության փաստարկները։
ԵՀ-ում հայտարարել են, թե դատարանը «միայն մասամբ է բավարարել հայցը երկու կետով» և համարել է, որ ԵՄ գործադիր իշխանությունն իրավունք ունի պաշտպանելու պայմանագրերի որոշ դրույթներ:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ դատարանի որոշումները և դրանց հետևանքները կուսումնասիրի և իրեն կվերապահի իրավական հնարավորությունները: Նա թերևս կբողոքարկի Եվրոպայի բարձրագույն դատական մարմին՝ Եվրոպական միության արդարադատության դատարան:
Եվրախորհրդարանը հինգշաբթի պետք է քվեարկի երկրորդ հնգամյա ժամկետով ֆոն դեր Լայենի թեկնածության շուրջ։ Եվրոպական օմբուդսմենը ֆոն դեր Լայենի և Pfizer-ի ղեկավար Ալբերտ Բուրլայի նամակագրությունը չբացահայտելու համար 2022 թվականին Եվրոպական հանձնաժողովին մեղադրել է սխալ կառավարման մեջ:
The New York Times պարբերականն իր հերթին տեքստային հաղորդագրությունները չհրապարակելու համար դատի է տվել Եվրահանձնաժողովին։



























