Հայաստանում Մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում` 459 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,7 տոկոսը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 հազար բնակչի հաշվով ցույց է տալիս , որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է` 45,1 տոկոս, որին հաջորդում է Երեւանը 41,1 տոկոս, Լոռու մարզը` 37, 6 տոկոս եւ Արմավիրի մարզը 33, 4 տոկոս: Իսկ ինչո՞ւ այս մարզերը, որովհետեւ այստեղ թմրամոլությունը առավել տարածված է: Ընդհանուր առամաբ Հայաստանում ՄԻԱՎ-ով Հայաստանում տառապում է 1127 մարդ, որոնցից 148-ի մոտ իմունային անբավարարության վիրուսը հայտնաբերվել է նախորդ տարվա ընթացքում: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով, ՄԻԱՎ վարակակիրների թիվը Հայաստանում հասնում է 2500-ի: Այս մասին այսօր նոյեմբերի 26-ին թեմայի շուրջ Աղվերանում ընթացող «ԶԼՄ-երի դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» սեմինարին տեղեկացրեց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանցյանը:
Նրա խոսքով, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 797 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է 330 դեպք, 22 դեպք էլ գրանցվել է երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների թվում կան նաեւ տարեցներ` 7 տղամարդ եւ 2 կին: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,1 տոկոսը 25-39 տարիքային խմբում է: Ավելին, այս հիվանդությունը հիմնականում հայաստան է ներթափանցում ՌԴ-ից հայ խոպանչիների եւ ուսանողների միջոցով:
Իսկ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը` 53,7 տոկոս, եւ թմրամիջոցների ներերակային օգտագործման եղանակով վարակումը` 37, 4 տոկոս: Արձանագրվել են մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Ավելին` ՄԻԱՎ վարակով հիվանդներից 536-ի մոտ (այդ թվում 124 կնոջ եւ 11 երեխայի) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ` 2010թ-ի ընթացքում: Իսկ Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 258 դեպք: Մահացածների թվում կան 43 կին եւ 5 երեխա:


























