Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը ցավակցել է Պակիստանի միջադեպի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին, նաեւ խոստացել է մանրամասն հետաքննություն իրականացնել, բայց կատարվածի պատասխանատվությունը ՆԱՏՕ-ի վրա չի վերցրել:

«Вести.ru»-ի փոխանցմամբ` գեներալը հայտարարել է, որ հետաքննությունն անձամբ իր վերահսկողության տակ է: Ավելի վաղ Աֆղանստանում անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի ներկայացուցիչը նշել էր, որ Պակիստանի բլոկպոստի ավերածությունների եւ զինվորների մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել:

Հիշեցնենք, ըստ Պակիստանի զինված ուժերի` գիշերը ՆԱՏՕ-ի ուղղաթիռները Աֆղանստանի տարածքից ներխուժել են Պակիստանի օդային տարածք եւ գնդակոծել ստուգիչ անցակետը: Միջադեպի հետեւանքով, երկրի զինված ուժերի տվյալներով, 25 զինծառայող զոհվել է, եւս 14 զինվորներ եւ սպաներ վիրավորվել են: