Ադրբեջանը պրովոկացիոն հայտարարություններ է անում` հասարակական ուշադրություն գրավելու համար: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նշենք, նոյեմբերի 25-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ հայկական կողմն իրավունք չունի որեւէ ենթակառուցվածքային փոփոխություններ կատարել գրավված տարածքների վրա` նկատի ունենալով Քարվաճառի շրջանի տարածքով ճանապարհի կառուցման նախագիծը:  Հիշեցնենք, նոյմեբերի սկզբին ազդարարվել է Քարվաճառից դեպի Վարդենիս ճանապարհ կառուցելու մասին: Այն 150 կիլոմետրով կնվազեցնի հեռավորությունը Քարվաճառի շրջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ:

«Այդպիսի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Այդօրինակ հերյուրանքներն, ըստ էության, կրում են պրովոկացիոն բնույթ եւ նպատակ ունեն հանրային ուշադրություն գրավել», - հավելեց Գ. Սահակյանը: