NASA-ի «սիրողական» մարսագնացը` Curiosity -ին, նոյեմբերի 26-ին կսկսի իր ճանապարհորդությունը դեպի Կարմիր մոլորակ, որպեսզի գտնի մարդկությանը վաղուց տանջող ` «Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա» հարցի պատասխանը:

«Ատլաս-5» հրթիռակիրը, որում շարժական լաբորատորիա է տեղակայված,  բաց կթողնվի Կանավերալ հրվանդանից:  Թռիչքի համար «պատուհանը» կբացվի ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով  ժամը  10:02-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:02-ին) եւ կշարունակվի 1 ժամ 43 րոպե:

ԱՄՆ տիեզերական գերատեսչության հաշվարկով` Curiosity -ին Մարս կհասնի 2012թ. օգոստոսին:  Մարսային մեկ տարվա (687 երկրային օր) ընթացքում այն  պետք է հետազոտի  ավստրալացի աստղագետ Գեյլի անունը կրող խառնարանը, որտեղ  ավելի մեծ է  կյանքի գոյության հետքեր գտնելու հավանականությունը: Բացի այդ, կուսումնասիրվի նաեւ մոլորակի ձեւավորման պատմությունը, նրա երկրաբանական առանձնահատկությունները:

Curiosity  ծրագրի արժեքը 2,5 մլրդ դոլար է: Curiosity-ին, սակայն,  NASA-ի միակ ապարատը չի լինի Կարմիր մոլորակի մակերեւույթի վրա: 2004 թ-ից այնտեղ է Opportunity մարսագնացը,  իսկ նրա երկվորյակ եղբոր` Spirit-ի հետ կապն անհետացել էր մարտի 23-ին, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: