Ռուսաստանի նախագահը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սպառնացել է աշխատանքից համատարած ազատել, գումարային տույժերի եւ անգամ քրեական պատասխանատվության ենթարկել պաշտպանության պետական պատվերի կատարման ձախողումների եւ տիեզերական ոլորտի անհաջողությունների համար, բայց միաժամանակ նշել է, որ ինքը չի առաջարկում «պատին դեմ տալ, ինչպես Իոսիֆ Վիսարիոնովիչի ժամանակ էր»:
«Եթե այս իմաստով հաջորդ տարին նման լինի այս տարվան, ստիպված կլինենք մարդկանց խմբերով աշխատանքից հեռացնել ու հեռացնել` թե այս, թե այն կողմից», - ասել է Մեդվեդեւը Կենտրոնական դաշնային շրջանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` նկատի ունենալով պաշտպանության նախարարության եւ պաշտպանական ձեռնարկությունների կողմից պաշտպանության պետական պատվերի ձեւակերպումները ձգձգելը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչ վերաբերում է տիեզերքում գրանցված անհաջողություններին, Ռուսաստանի նախագահը նկատել է, որ դրանք մեծապես հարվածում են Ռուսաստանի մրցունակությանը:
«Վերջին անհաջողությունները մեծ հարված են հասցնում մեր մրցունակությանը: Դա նշանակում է, որ հարկավոր է մանրամասն վերլուծել թռիչքները, պարզել, թե ով է մեղավոր: Ես չեմ առաջարկում պատին դեմ տալ, ինչպես Իոսիֆ Վիսարիոնովիչի ժամանակ էր, բայց, ամեն դեպքում, հարկավոր է լրջորեն պատժել կամ գումարային տուգանքով` կորզել բոլոր ծախսված գումարները, կամ էլ երկրորդ տարբերակը` եթե ակնհայտ մեղավոր է, կարելի է կարգապահական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել», - ըստ «ՌԻԱ Նովոստիի»` ասել է Մեդվեդեւը:



























