ԱՄՆ վարչակազմը նախազգուշացրել է Իրանի իշխանություններին այն մասին, որ գրանցել է այդ երկրում գործունեություն, որն ուղղված է միջուկային զենքի ստեղծմանը։ Այս մասին տեղեկացրել է Axios ամերիկյան պորտալը։

Պորտալի աղբյուրների խոսքով՝ նախազգուշացումն ուղարկվել է հունիսին, «ինչպես երրորդ երկրի միջոցով, այնպես էլ ուղիղ գծով»։ Ամերիկյան կողմը Թեհրանին «խոր մտահոգություն է հայտնել իրանական գիտահետազոտական գործունեության առնչությամբ, որը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար»։

«ԱՄՆ-ը եւ Իսրայելը վերջին ամիսներին գրանցել են իրանցի գիտնականների կասկածելի գործողություններ միջուկային ոլորտում,- ասված է հրապարակման մեջ։- Պաշտոնատար անձինք մտահոգ են, որ դրանք կարող են լինել Իրանի միջուկային ջանքերի մի մասը՝ նպատակ ունենալով օգտագործել ԱՄՆ նախագահական ընտրությունների շրջանում, որպեսզի հասնեն առաջընթացի միջուկային զենք ունենալու հարցում»։ «Իսրայելական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունները փորձել են հասկանալ, թե արդյոք Իրանի գործողությունները վկայում են երկրի դիրքորոշման փոփոխության մասին միջուկային զենքին վերաբերող հարցերում։

Ինչպես նշել են աղբյուրները,  իրանական կողմը հավաստիացրել է, որ «ոչ մի փոփոխություն չի եղել»։ Ընդգծվել է, որ «Իրանը չի աշխատում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ»։

Հրապարակման մեջ մեջբերվել է ամերիկացի պաշտոնյայի մեկնաբանությունը։ «Մենք չենք տեսնում այն բանի վկայությունը, որ Իրանն այժմ իրականացնում է կարեւոր գործունեություն, որն անհրաժեշտ է միջուկային սարքի ստեղծման համար, որը կարելի կլիներ փորձարկել»,- նշել է նա։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ը «նախկինի պես լուրջ երկյուղներ ունի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված»։