Եվրամիության տարածքում ամենագեր կանայք Մեծ Բրիտանիայում են: Այսպիսին են 2008-2009թթ. ընթացքում Եվրոպական հանձնաժողովի կատարած հետազոտության արդյունքները:
Այսպես, Բրիտանիայում ճարպակալմամբ տառապում է բրիտանուհիների գրեթե մեկ քառորդը` 23,9 տոկոսը: Համաձայն վիճակագրության` տարիքի հետ ավելորդ քաշի աճի հավանականությունը մեծանում է: Բայց, պարզվում է, բարձրագույն կրթությամբ կանայք ավելի քիչ են ենթակա գիրանալու վտանգին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեծ Բրիտանիայի տղամարդիկ կանանցից այնքան էլ հետ չեն մնում, գեր տղամարդկանց տոկոսն այնտեղ կազմում է 22,1 տոկոս: Բայց տղամարդկանց քաշի առումով առաջատարը Մալթան է: Այստեղ գեր տղամարդկանց ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել` 24,7 տոկոս:
Եվրոպացիների մեջ ամենաբարեկազմը, պարզվում է, ռումինացիներն են: Այնտեղ ավելորդ քաշ ունի կանանց 8, տղամարդկանց` 7,6 տոկոսը:


























