Դնեպրի հատակից գտնված 10-րդ  դարի բացառիկ թուրը ցուցադրվել է Զապորոժիեի «Խորտիցա» արգելոցում:  Հնագույն վարպետների պատրաստած մեկ մետր երկարությամբ եւ մոտավորապես մեկ կիլոգրամ կշռող թուրը Դնեպրի հատակից հայտնաբերել է զապորոժիեցի ձկնորսը:

Ուկրաինայի գիտահետազոտական ռեստավրացիոն կենտրոնի աշխատակիցը, ներկայացնելով թուրը, նշել է, որ այն գերթե չի տուժել: Նրա դաստակալի ձեւը թույլ է տալիս այն վերագրել նախաքրիստոնեական շրջանին`մոտավորապես 10-րդ դարի կեսերին:

Մասնագետների խոսքով` տիրոջ բարձր խավին պատկանելու մասին է վկայում այն, որ այդ դարաշրջանի համար կիրառվել է թրի պատրաստման  բավականին բարդ տեխնոլոգիա` մի քանի գունավոր մետաղների համադրությամբ` պղինձ, արծաթ եւ դեղին մետաղ, որը կարող է  լինել ցածր հարգի ոսկի կամ  արույր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ուկրաինական լրատվամիջոցները այն համարում են  Սվյատոսլավ Իգորեւիչ իշխանի թուրը, եւ այդ վարկածը, ըստ մասնագետների, ունի կյանքի իրավունք:

Համաձայն տարեգրության` Սվյատոսլավ իշխանը զոհվել է թշնամու դեմ մարտում`  Դնեպրի մատույցներում գետն անցնելու ժամանակ: Պնդել, որ այն իսկապես պատկանել է իշխանի ուղեկիցներին, թե անձամբ նրան, հնարավոր կլինի ասել միայն մի շարք փորձաքննություններից հետո:

Գիտնականները հուսով են, որ  որոշ գաղտնիքներ կբացվեն  ռեստավրացիայի ժամանակ, որը կարժենա 3 հազար դոլար:  Սակայն արդեն հիմա պատմաբաններն ու հնագետները  նշում են գտածոյի պատմական բարձր արժեքը: