Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է Իրանի ատոմակայաններում ռադիացիոն ոլորտի երեք նոր օբյեկտների գործարկման մասին, հայտնել է Mehr գործակալությունը։

Կառավարության նիստին մասնակցելուց հետո չորեքշաբթի նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում Մոհամմադ Էսլամին անդրադարձել է այս տարվա առաջին երեք ամիսներին միջուկային արդյունաբերության երեք նոր ռադիացիոն օբյեկտների բացման թեմային: Նա կարևորել է միջուկային տեխնոլոգիաների ինտեգրման անհրաժեշտությունը մարդկանց կյանքում և ընդգծել ճառագայթման կարևորությունը:

«Վերջին երեք ամիսների ընթացքում բացվել են ճառագայթման երեք կայանքներ, ևս երեք օբյեկտները նախատեսվում է բացել առնվազն օգոստոսին», - նշել է նախարարը:

Իրանական լրատվամիջոցները գրում են, որ միջուկային արդյունաբերության ռադիացիոն համակարգերը ստեղծվել են տարբեր, ներառյալ՝ առողջապահության, բժշկության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, անվտանգության և գիտա​​հետազոտական ոլորտներում խաղաղ միջուկային տեխնոլոգիաներն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։

Ճառագայթման որոշ հիմնական կիրառություններ միջուկային արդյունաբերության մեջ ներառում են բժշկական ոլորտում՝ ճառագայթային բուժումը, ախտորոշիչ և բուժական ռադիոդեղամիջոցների արտադրությունը, բժշկական սարքավորումների ստերիլիզացումը, գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարը, առողջության և հիգիենայի ոլորտում՝  սննդամթերքի պահպանման ժամկետի երկարացումը, պոլիմերային հատկությունների բարելավումը, իոնային իմպլանտացիան և արդյունաբերության մեջ՝ արդյունաբերական ռադիոիզոտոպների արտադրությունը։