Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախագահն այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ մատուցվող ծառայության որակին:
Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, զարգացման գնահատումը, նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, 2003թ. նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնների հիմնումը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 2008թ-ից գործող Գավառի ԵԶՎԿ-ն իր չափերով փոքր էր եւ հնարավորություն չուներ սպասարկելու տարածաշրջանի բոլոր երեխաներին, որի համար էլ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն 2010-2011թթ. տարբեր կազմակերպությունների եւ հովանավորների աջակցությամբ այս քաղաքում կառուցել եւ կահավորել է մեկ այլ՝ ավելի մեծ եւ հարմարավետ կենտրոն: Այն վերականգնողական ծառայություններ եւ մասնագիտական խնամք է տրամադրում Գեղարքունիքի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման եւ այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու մինչեւ 200 երեխա՝ իրականացնելով ավելի քան 15000 այցելություն: Նշվել է, որ նախկին ԵԶՎԿ շենքը գործելու է որպես երեխաների զարգացմանը եւ հաշմանդամության կանխարգելմանն ուղղված տեղեկատվական եւ ուսումնական ծրագրերի «Ռեսուրս» կենտրոն:
Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ նախագահին ներկայացվել են կենտրոնում իրականացված օպտիմալացման եւ ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները:
Նշվել է, որ Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի եւ ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել եւ կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաեւ դիարանի շենքի կառուցման եւ ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար, կահավորվել՝ նոր բժշկական եւ կենցաղային կահույքով:
Առողջապահական այս հաստատությունն ունի նաեւ մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:
Գեղարքունիքի մարզից նախագահը մեկնել է Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է վերջերս շահագործման հանձնված «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հյուրանոցի պայմաններին, կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցի շենքի հիմնանորոգումը տեւել է շուրջ 4 տարի, որի արդյունքում՝ վերակառուցման եւ տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ սպասարկման որակի միջազգային չափանիշներին համապատասխանության առումով, օտարերկրյա փորձագետներն ու որակի երաշխիքի գնահատողները, հետազոտելով եւ մասնագիտական վերահսկողություն իրականացնելով հյուրանոցի ընթացիկ գործունեության նկատմամբ, որոշում են կայացրել միջազգային չափանիշներին հյուրանոցի տեխնիկապես եւ մատուցվող ծառայությունների որակի համապատասխանության վերաբերյալ՝ շնորհելով լիիրավ անդամակցություն Բեսթ Վեսթերնի մեծ ընտանիքին` Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց անվանմամբ: Բեսթ Վեսթերնն աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանց է, որը գործում է ավելի քան 80 երկրում՝ ընդգրկելով 4000-ից ավելի հյուրանոց:
Հյուրանցային համալիրի աշխատակազմի 90 տոկոսից ավելին համալրված է տեղական աշխատուժով, ովքեր մշտապես անցնում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակավորման դասընթացներ:
Դիլիջանում Հանրապետության ղեկավարը այցելել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ, որտեղ նախագահին ներկայացվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, շինարարության ընթացքն ու նախագծերը:
Նշվել է, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի կառուցման հիմնական նպատակն է՝ ստեղծել ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային եւ միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր` վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին: Կենտրոնում անհրաժեշտ պայմաններ կլինեն նաեւ տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նոր՝ ժամանակակից շտեմարանների կառուցման ուղղությամբ եւս աշխատանք իրականացնել, ինչը Հայաստանի տնտեսության վերաբերյալ կիրառական աշխատանքների իրականացման գործում հայաստանյան եւ միջազգային հետազոտողների համար լրացուցիչ խթան կհանդիսանա:
Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առեւտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային եւ ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ:
Կենտրոնի տարածքում կգործի նաեւ տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 հազար քմ: Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից` գլխավոր եւ տեխնիկական: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվար ամսին:
«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաեւ բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6290քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ եւ առեւտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել Դիլիջան քաղաքի բնակիչները եւս:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվում է Դիլիջանի նախկին գրադարանի շենքը եւս, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն՝ 1263,8 քմ ընդհանուր մակերեսով:
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:








































