Առաջին հինգ ամիսներին Չինաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,2 միլիարդ դոլար։ Աճը հասել է 54 տոկոսի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Դրա մասին դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։
Դիվանագետն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ դրանք հայկական կողմի տվյալներ են, չինական կողմը կամփոփի վեց ամսվա արդյունքները։
Չեն Մինգը հիշեցրել է, որ ՇՀԿ-ի նախագահությունը շուտով կանցնի Չինաստանին, և Պեկինը Հայաստանի հետ ակտիվ համագործակցության հույս ունի։ Նա երկու երկրների հարաբերությունները բնորոշել է որպես ավանդական՝ դարերի պատմություն ունեցող:
Դիվանագետը նշել է այցերի փոխանակման ակտիվացումը և չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը։
Ըստ նրա՝ առանց վիզայի ռեժիմի հաստատումն ու ուղիղ չվերթների բացումը կնպաստեն երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը։
Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերի 3-ից China Southern Airlines ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Ուրումչի-Երևան երթուղով։











