Ադրբեջանում վրդովված են Հայաստանին օգնություն տրամադրելու ԵՄ որոշումից։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը՝ Ֆրանսիայի Հայաստանին Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայով և CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու քայլերից հետո, չափազանց սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։

Ըստ Հաջիզադեի՝ «Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ ունեն և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են»:

Նա հավելել է, թե Հայաստանին վերոնշյալ ռազմական օգնությունը և ապագայում նման օգնության ընդլայնման կոչերը կծառայեն տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը և կամրապնդեն Հայաստանի ռազմական ներուժը։

Այնուհետև գանգատվելով Եվրամիության խորհրդի որոշումի, Հաջիզադեն ակնկալում է, որ  տրամադրվող օգնության մասին թափանցիկ տեղեկություն կտրամադրվի։

Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ «Հակառակ դեպքում Եվրամիությունը պատասխանատվություն կկրի Հայաստանի կողմից ցանկացած հնարավոր սադրանքի համար, որը խախտում է կայունությունը»,- եզրափակել է  Ա.Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ինքը, ավելի ակտիվ, քան երբևէ, տենդագին սպառազինություն է ձեռք բերում։