Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է Իրանի և ԱՄՆ-ի միջև 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու բանակցություններում Ճապոնիայի պատրաստակամությունը միջնորդի դեր ստանձնելու մասին, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։

Կիսիդան Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կվերականգնվի, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ 2018 թվականին։

Վարչապետը նշել է, որ Ճապոնիան և միջազգային հանրությունը Իրանի հաջորդ վարչակազմից այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցություն են ակնկալում։ Հաշվի առնելով Իրանի հետ իր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունները՝ Ճապոնիան պատրաստ է կառուցողական դեր խաղալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ միջնորդության հարցում, հավելել է Կիսիդան։