Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի «Հաղթանակի զբոսայգում» ստուգել է շինարարական աշխատանքները։ Բացատրություն չի պահանջում, որ հուշահամալիրը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում։
Այգու մուտքի մոտ կտեղադրվի 44 տարրից բաղկացած կամար՝ խորհրդանշելով «հաղթանակ տանող ճանապարհի սկիզբը»։ Կամարի բարձրությունը, որի շինարարությունը դեռ շարունակվում է, 44 մետր է, լայնությունը՝ 22 մետր։ Հիշենք, որ «սուրբ թիվը» 44-ը ուղղակի հղում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին: Համալիրի տարածքում կկառուցվի «հաղթանակի թանգարան» , կողքի պատին կփորագրվեն Ալիևի նախաձեռնած ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված սպաների անունները։ Պուրակում կլինի թեմատիկ այգի, ջրվեժների կասկադ, «Ղարաբաղի հուշահամալիր» և ընդհանուր դիտահրապարակ։ Այգու վերջում նախատեսվում է կառուցել Ազատության դրոշի հրապարակ։
Հիշեցնենք, որ նախորդ նման նախագիծը՝ «ռազմավարների այգին», արժանացավ միջազգային հանրության բուռն քննադատությանը. Ադրբեջանի իշխանությունները այն «զարդարեցին» տասնյակ գավաթային սաղավարտներով և հայ զինվորների մանեկեններով։





























