Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, Ադրբեջանն ունի առավելություններ հենց նույն պատերազմի ֆոնին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը եւս Ուկրաինային բազմաթիվ օգնություններ է ուղարկում, սակայն ՌԴ-ից նրա հասցեին քննադատություն չի հնչում, իսկ ՀՀ-ի հասցեին հնչում է:

«Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը ռուսական գազ է եւ ՆԱՏՕ-ի 6 երկիր այսօր սնվում են Ադրբեջանից: Ադրբեջանը ուժեղ խաղաքարտեր ունի, նրանց հարաբերությունները գործնական ու փոխշահավետ են, սա մենք պետք է հաշվի առնեինք: Լեւոն Տեր-Պետրոսյանը սա նկատի ուներ, որ ասում էր՝ միգուցե կգա պահ, որ ռուսները շահը Ադրբեջանի շահի հետ կհամընկնի: Հիմա այդ շահը համընկնում է ռուսների հետ, նաեւ համընկնում է Եվրոպայի հետ՝ վառելիքը Եվրոպա հասցնելու համար: Այս օրը գալու էր, դրա համար օր առաջ ԼՂ հարցը պետք է լուծվեր այնպես, ինչպես եռանախագահությունը առաջարկում էր:

Ռուսները նեղացան, որովհետեւ վերջին պահին էլ Հայաստանին ասում էին՝ Լավրովի ծրագիրը ընդունեք, բայց մի խելառ եկավ, ասեց՝ չէ, ես զրոյական կետից եմ սկսելու: մենք այդ հարցը պետք է լուծեինք առաջ, եւ այսօր կունենայինք ինքնորոշված Ղարաբաղ, միջազգային ճանաչումով, Հայաստանի հետ կապով, հայկական անձնագրով, երաշխավորված իրենց հայրենիքում ապրելու իրավունքով: Իսկ այս իշխանությունը մեզ բերեց քյալլագյոզություն»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, ցավոք, այսօրվա իշխանությունները շարունակում են իրենց քանդարար, վնասակար գործունեությունը: