Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները ուղղեր, ընդառաջ գնալ, գնում է հակառուսականության ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ րույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանը:
«Մենք մի քանի օր առաջ տեսանք ռուսական սանկցիաները գյուղատնտեսական ապրանքների հետ կապված: Դա բնական է, ռուսները ճնշումը գնալով մեծացնելու են: Իսկ մեր վարած կործանարար քաղաքանությունը կարող է բերել նույնիսկ պետականության կորստի, որի մասին խոսել է նաեւ վարչապետը, ասելով՝ եթե առաջիկա ամիսներին, թե տարիներին դիմանանք, հետագայում պետություն կունենանք»,-ասաց նա՝ կանխատեսելով, որ այս տարվա աշունը վերջինը կլինի Նիկոլ Փաշինյանի համար որպես վարչապետ:
«Արդեն բոլոր ժամկետները արտաքին խաղացողների հետ ինքը վառել է, արդյունքում պատասխաններ տալու ժամանակն է: Ռուսաստանն արդեն կոնկրետ շատ թեթեւ նախազգուշացնում է: ՌԴ-ն թեթեւ ճնշումներով կարող է Հայաստանի տնտեսությունն ուղղակի կործանել: Այդ իրավիճակում, ժողովուրդը սթափ է գնահատելու:
Ցավոք սրտի, Ադրբեջանի վարած քաղաքականությունից էլ գոնե ինձ համար ակնհայտ է, որ պատերազմին մնացել են հաշված ամիսներ: Շատերը նաեւ կոնկրետ ժամկետներ են նշում, որ ադրբեջանցիները սպասում են բնապահպանական միջազգային համաժողովի ավարտին, որից հետո կանեն այն, ինչի մասին բարձրաձայն հայտարարում են»,- ընդգծեց նա:
Հարցին՝ ո՞րն է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու ակնկալիքը, Արամ Պետրոսյանը պատասխանեց. «Ադրբեջանն այնքան սանձարձակ է դարձել, որ պահանջում է մեզնից Սահմանադրություն փոխել: Ալիեւը հայտարարում է, որ սա Հայաստան չէ, Արեւմտյան Ադրբեջան է: Ադրբեջանցիների վերադարձի մասին եւս լինելու են դրույթներ մեր Սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի պարտադրանքով: Վստահ եմ, որ ժողովուրդն իր խոսքը կասի եւ այդ Սահմանադրությունը հաստատ չի ընդունվի:
Ադրբեջանն իր ակնկալիքները բարձրաձայնել է իր հաղթանակի շքերթի ժամանակ, եւ ՀՀ իշխանությունները դրանից հետո չհասկացան, թե ինչ պետք է անել: Մենք մի բան ունենք անելու՝ պետք է պատրաստվենք պատերազմի: Չի լինելու Նիկոլ Փաշինյանի ասած 29 743 քառակուսի կմ-ն, լինելու է կամ փոքր գերեզմանատուն, կամ դա էլ չի լինելու»,- ընդգծեց «Հայաքվեի» ներկայացուցիչը:











