Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն նախազգուշացրել է Իսրայելին «գրավյալ Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամսի միջադեպի պատրվակով» Լիբանանի դեմ «ցանկացած նոր արկածախնդրությունից», գրում է Mehr-ը։

Անդրադառնալով լիբանանյան «Հեզբոլլահի» հայտարարությանը և այդ երկրի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշմանը, որով  հերքվում է Մաջդալ Շամսի վրա հարձակմանը շարժման առնչությունը, Նասեր Քանանին հայտարարել է, որ «Գազայի հատվածում տասը ամսվա զանգվածային սպանություններից և պաղեստինցի երեխաների ու կանանց կոտորածներից հետո ապարտիդի իսրայելական ռեժիմը  կեղծ սցենարով փորձում է շեղել հանրային կարծիքը և աշխարհի ուշադրությունը Պաղեստինում իր լայնածավալ հանցագործություններից»։

Ըստ նրա, Իսրայելը բարոյական իրավունք չունի դատելու Մաջդալ Շամս շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին՝ հավելելով, որ այլ կողմերին Իսրայելի ներկայացրած պահանջները  «նույնպես չեն լսվի»:

Քանանին հավելել է, որ «սիոնիստական ագրեսոր ​​ռեժիմի արկածախնդրության դեմ» Լիբանանի և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն աջակցելը միջազգային հանրության, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտականությունն է։

Հիշեցնենք, որ Իսրայելը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրել է Գոլանի բարձունքների հրթիռակոծման մեջ, որի հետևանքով 12 երեխա  և դեռահաս է զոհվել։

Սակայն «Հեզբոլլահը» և լիբանանյան իշխանությունները հերքում են շարժման մասնակցությունը միջադեպին։