Հայաստանի խորհրդարանը, նոյեմբերի 28-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է մի շարք հարկային օրինագծեր: Մասնավորապես, ակցիզային հարկի մասին օրինագծում ավելացվել են ալկոհոլային խմիչքների տոկոսադրույքները: Սպիրտային խմիչքների համար միացյալ դրույք է սահմանվել` 50 տոկոսի չափով (բայց ոչ պակաս, քան 500 դրամ մեկ լիտրի համար): Ավելացվել են դրույքները նաեւ ակցիզավորման ենթակա մյուս ապրանքների համար: Բացի այդ, վերացվել է տեղական եւ ներմուծվող ալկոհոլի նվազագույն ակցիզային շեմի դիֆերենցիացիան:
Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, միասնականացումը բխում է ԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի գործընկերների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Մասնավորապես, գարեջրին ավելացվել է 30 տոկոս նվազագույն ակցիզ, իսկ գինին մնացել է 10 տոկոսի սահմաններում:
«Հաստատագրված վճարների մասին» օրենքի համաձայն ավելացվել են կազինոների գումարները` Երեւանից դուրս գտնվող կազինոների համար` 4,5 միլիոնից 6 մլն-ի: Լոտոների, բինգոների եւ այլ ավտոմատ մեխանիկական խաղերի համար համաթիվը 15 հազարից դարձել է 25 հազար (համաթիվը բազմապատկվում է քառ.մետրերով): Ավտոմատների այլ տեսակների համար համաթիվը 125 հազարից հասցվել է 185 հազար 500-ի (համաթիվը բազմապատկվում է ավտոմատների թվով):
«Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը նախատեսում է սահմանափակել կանխիկ վճարումները առեւտրային գործարքներում մինչեւ 300 հազար դրամ` միանգամից, եւ 3 մլն դրամ մեկ ամսվա ընթացքում: Նշված նորմի խախտման համար նախատեսվում է գումարի 5 տոկոսի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում` 10 տոկոս:
«Հարկերի մասին» օրենքի փոփոխությունները տուգանքներ են նախատեսում բիզնեսի վարման խախտումների համար: Ապօրինի ձեռնարկատիրության համար տուգանքը կազմելու է հասույթի 50-ապատիկը, բայց ոչ պակաս, քան 200 հազար դրամ: Նույն տարում կրկնության դեպքում` 100 տոկոս տուգանք, բայց ոչ պակաս քան 500 հազար դրամ: չարտոնագրված գործունեության համար տուգանք` արտոնագրով նախատեսված գումարի 10-ապատիկի չափով, կրկնելու դեպքում` 20-ապատիկի:
Չգրանցված արտադրության եւ առանց համապատասխան փաստաթղթերի բեռնափոխադրումների համար նախատեսվում է տուգանք` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, իսկ կրկնակի եւ եռակի կրկնության դեպքում` 100-ապատիկի եւ 200-ապատիկի չափով:
Օղու ներմուծման մաքսը կնվազի, յուրաքանչյուր 250 հազար լիտրից այսօր գանձնվում է 20 մլն դրամ, իսկ օրենքի ընդունումից հետո` 15 մլն:



























