Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվել է անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չեն տվել համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերեւս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը:
Այսօր, որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով, «Շիրակ Կենտրոնի» անդամներն այցելել են Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը:
Սովորականի նման, այս անգամ եւս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի շուրջ-բոլորը օտար մարդ նկատելով մոտեցել ու սկսել են հետաքրքրվել այցելության դրդապատճառների մասին: Նրանք հաստատակամ են, որ Մինասի «Հայաստան» որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում:
Որմնանկարի ճակատագրի խնդրով «Շիրակ Կենտրոնը» զրուցել է նաեւ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանի հետ, որի խոսքն այս անգամ հուսադրող է եղել:











