Եվրամիությունն այսօր` նոյեմբերի 28-ին, լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, սահմանափակումների նոր փաթեթը, հիմնականում վերաբերում է ֆինանսական ոլորտին: Արգելքներ են դրվում Սիրիայում առեւտրի ֆինանսավորման, այդ երկրին վարկեր տրամադրելու հարցերում:

Սիրիական բանկերին այսուհետ կարգելվի մասնաճյուղեր ունենալ ԵՄ տարածքում, ինչպես նաեւ իր միջոցներն ունենալ Եվրոպական բանկերում:

Բրյուսելում գործակալության աղբյուրը նշել է, որ այդ միջոցառումները պետք է դժվարացնեն Սիրիայի կառավարության գործունեությունը ֆինանսական գործարքներ կնքելու եւ սեփական միջոցները կառավարելու առումներով:

Բացի այդ, եվրոպացիները 12 անունով ընդլայնել են այն մարդկանց ցանկը, ում ակտիվները պետք է սառեցվեն, իսկ այդ մարդկանց էլ կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արաբական երկրների լիգան նոյեմբերի 27-ին տնտեսական պատժամիջոցների փաթեթ է ընդունել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ: Պատժամիջոցներին կողմ են քվեարկել Արաբական երկրների լիգայի 22 երկրներից 19-ը:

Associated Press-ը նշում է, որ արաբական որեւէ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը բացառիկ դեպք է Արաբական երկրների լիգայի պատմության մեջ: