Այս քայլերով Իսրայելը փորձում է ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ, եթե ավելի լայն էսկալացիա տեղի ունենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ARPI Armenia-ի գիտաշխատող, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Թեհրանում հրթիռային հարվածով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն:

«Երկու շաբաթվա ընթացքում Իսրայելին հաջողվեց շարքից հանել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի ղեկավար Մուհամմեդ ադ-Դեյֆին, «Հըզբոլլահի» ղեկավարներից մեկին՝ Ֆուադ Շուքրին եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին: Դա նպաստում է, որ եթե լայն էսկալացիա տեղի ունենա, որոշում կայացնող օղակը թույլ լինի, իսկ «Հըզբոլլահ»-ի միջին օղակին Իսրայելը թիրախավորել է վերջին կես տարվա ընթացքում:

Երկրորդ կողմն այն է, որ Իսրայելը փորձում է այդ էսկալացիան լայնացնել՝ ներգրավելով Իրանին: Իսրայելում հասկանում են, որ իրենք վերջին ամիսներին կորցնում են միջազգային հանրության աջակցությունը, հետեւաբար, որպեսզի ստանան նույն աջակցությունը, իրենք պետք է գործեն Իրանի դեմ կամ փորձեն ներքաշել Իրանին պատերազմի մեջ: Առաջին փորձը եղավ ապրիլին, երբ Իսրայելը հարվածեց Դամասկոսին, որից հետո Իրանը հարվածեց Իսրայելի տարածքին: Սա արդեն երկրորդ փորձն է:

Բոլորը հասկանում են, որ սա շատ նուրբ հարց է, որովհետեւ Իսմայիլ Հանիան եկել էր Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու, ինքը հյուր էր եւ փաստորեն ստացվում է, որ Իրանը չի կարողացել ապահովել իր հյուրի անվտանգությունը: Հիմա Իրանը չի կարող չպատասխանել եւ «դեմքը փրկելու» կարիքը կա»,- ընդգծեց վերլուծավանը:

Նա վստահություն հայտնեց, որ Իրանի կողմից անպայման պատասխանը կլինի. «Հիմա խոսքն այն մասին է, թե ինչ ֆորմատով եւ ում կողմից դա կլինի; Այդ պատասխանը կարող է լինել հուսիների կողմից, «Հըզբոլլահ»-ի կողմից, կամ Իրանն ինքը կարող է հարվածել Իսրայելի դիրքերին Իսրայելի տարածքում, կամ դրանից դուրսն: Տարբեր օպցիաներ կան: Հիմա դա են քննարկում, որ կարողանան պատասխանի պրոպորցիան ու սիմետրիան պահել, եւ էսկալացիան ավելի չմեծացնեն, քանի որ ոչ Իրանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն ուզում լայնածավալ պատերազմ մերձավոր Արեւելքում»,-ասաց Սերգեյ Մելքոնյանը:

Նա նկատեց, որ մեկ այլ խնդիր է այն, թե ով է լինելու ՀԱՄԱՍ-ի ղեկավարը. «Հավանական թեկնածուները ավելի կոշտ գծի կողմնակից են, կողմ չեն բանակցություններով հարցեր լուծելուն: Դա կարող է ազդել էսկալացիայի մակարդակի վրա:

«Ես չեմ կարծում, որ Իսրայելն ուզում է լայնածավալ պատերազմ: Նրանք, որոնք Իսրայելում ռազմական կամ ուժային թեւն են ներկայացնում, իրենցից շատերը դեմ են լայնածավալ պատերազմին: Շատերը խոսում են, որ լայնածավալ պատերազմը կամ սահմանափակ, բայց երկարատեւ պատերազմը «Հըզբոլլահի» դեմ հնարավորություն է տալիս Նեթանյահուին մնալ իր պաշտոնին:

Հիշեցնեմ՝ հանրության հիմնական  պահանջը պատանդներին վերադարձնելն է, բայց հիմա պատանդներին չեն վերադարձնում, փոխարենը հարվածում են «Հըզբոլլահին», հարվածում են ՀԱՄԱՍ-ին՝ Իրանի տարածքում: Օրակարգը եւ հանրային պահանջը տարբեր են եւ այս քայլերով Նեթանյահուն իր ներքին քաղաքական հարցերն է փորձում լուծել»,-ասաց նա: